ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

Սա մի դաժան հայելի է, որն ամեն անգամ ստիպում է առերեսվել մեր պատմությանն ու այսօրվա իրականությանը

Սա մի դաժան հայելի է, որն ամեն անգամ ստիպում է առերեսվել մեր պատմությանն ու այսօրվա իրականությանը
24.04.2026 | 11:37

Վերջին մամլո ասուլիսի ժամանակ երկրի ղեկավարը զարմանում էր Գյումրու փողոցների անմխիթար վիճակի վրա՝ թե Հայաստանում որևէ տեղ նման քանդված փողոցներ չես հանդիպի…

Զարմանալի հայտնագործություն էր՝ Գյումրու փողոցները քանդված են…

Էստեղ է ասված՝ մարդ չգիտի լա, թե խնդա։ Ստացվում է՝ քանի դեռ երկրի առաջին դեմքն անձամբ չի եկել, սեփական աչքով չի տեսել ու չի համոզվել` կաթոլիկների այն հայտնի սկզբունքով՝ «մինչև չտեսնեմ, չեմ հավատա», խնդիրը գոյություն չունի՞։

Մի՞թե պետական կառավարման համակարգն այսչափ կաթվածահար է։ Փաստորեն, դուրս է գալիս, որ Գյումրու փողոցները տեսնելու համար պարտադիր պետք է լինել վարչապետ, որովհետև մնացած բոլոր պատասխանատուները՝ պատգամավորներից մինչև վերահսկող մարմիններ, կամ կույր են, կամ էլ խուլ ու համր։

Բայց այստեղ հարց է առաջանում. իսկ ո՞ւմ են պետք Գյումրին ներկայացնող պատգամավորները։ Ինչո՞ւ են նրանք նստած Ազգային ժողովում, ինչի՞ համար են վարձատրվում ու պարգևավճարներ ստանում։ Ինչպե՞ս է ստացվել, որ մասնագիտական ու պետական մտածողության փոխարեն մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր զբաղված են միայն կուսակցական շահերի սպասարկմամբ ու միջկուսակցական բամբասանքներով։

Շատերս ենք հասկանում՝ քաղաքային իշխանությունների ներկայիս կազմն ու ընտրության ձևաչափն առաջին հերթին ձեռնտու էին հենց իշխանություններին։ Հարմար առիթ էր պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելու համար՝ «դուք եք ընտրել, դուք էլ պահանջեք» ֆորմատով։ Իսկ եթե ես չե՞մ ընտրել... Ուրեմն պետք է լռե՞մ կամ էլ բան ու գործս թողնեմ ու ամբողջ օրը ֆեյսբուքում գրե՞մ, որ մեկը տեսնի՞։

Սա պետությո՞ւն է, թե՞ մոնոթատրոն։ Ո՞ւր են պետական վերահսկողության մարմինները, նախարարությունները կամ տվյալ ոլորտի գործառույթները ստանձնած կառույցների համակարգողները։ Իրոք արդեն հոգնել ենք տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող ու ներդրված ինստիտուցիոնալ անգործության համակարգից ու ներքաղաքական մանիպուլյացիաներին պատանդ մնալու կարգավիճակից։

Կարծում եմ, որ երբ երկրի ղեկավարի անձնական միջամտությունը դառնում է հարց լուծելու միակ միջոցը, դա նշանակում է, որ պետական ապարատը՝ որպես համակարգ, չի աշխատում, երկրորդ տարբերակ չկա։

Իսկ դուք հիշո՞ւմ եք մի դեպք, երբ մեր պատգամավորները Գյումրու շահը վեր դասած լինեն կուսակցականից…

Ինչևէ, օրվա խորհրդին համահունչ՝ ընդունեք, որ նման անտարբերության, անգործության և սեփական հողն ու ջուրը լոկ կենացներով սիրելու պատճառով ենք ցեղասպանվել...

Եվ վերջապես, այս օրը` Ապրիլի 24-ը, անձամբ ինձ համար միայն սգո ու ծաղիկներ խոնարհելու օր չէ։ Սա մի դաժան հայելի է, որն ամեն անգամ ստիպում է առերեսվել մեր պատմությանն ու այսօրվա իրականությանը, և այսօր մեր պարտքը 1.5 միլիոն անմեղ նահատակների առջև ոչ թե լոկ զոհի կարգավիճակը հավերժացնելն է, այլ սեփական հողի հանդեպ պատասխանատվությունն արժևորելը՝ հանուն նոր արհավիրքների կանխման։

Խունկ և խոնարհում մեր սուրբ նահատակների հիշատակին։ Թող այսօրվա մեր լռությունը դառնա գործողություն, իսկ հիշողությունը՝ ուժ...

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 77

Մեկնաբանություններ